Միացյալ Թագավորությունում անսովոր մեծ քանակությամբ քոսի բռնկումներ են արձանագրվում, և բժիշկները մարդկանց կոչ են անում դիմել բժշկական օգնության, եթե մարմնի վրա կարմիր կետեր նկատեն և ախտանշաններն անտեսման չմատնեն։
Քոսը քոր առաջացնող ցան է, որն առաջանում է տզերից և տարածվում է մաշկի անմիջական շփման միջոցով։ Շուտ բուժվելը վճռորոշ նշանակություն ունի տարածումը կանխելու համար։ Այն կարող է ախտահարել յուրաքանչյուրին։
Ընդհանուր ախտանշաններից են ուժեղ քորը՝ հատկապես գիշերները, և բարձրացած ցանը կամ բծերը։

Քոսը, որպես կանոն, առաջացնում է ցան մարմնի ամբողջ մակերեսին՝ բացառությամբ գլխի և պարանոցի, և հաճախ հայտնվում է մատների միջև, դաստակների, թևատակերի, գոտկատեղի, աճուկների և հետույքի շուրջ։
Փոքր երեխաների, տարեցների և թուլացած իմունային համակարգ ունեցողների մոտ քոսը կարող է հայտնվել գլխի, պարանոցի, ափերի և ներբանների վրա։ Իմունային անբավարարություն ունեցող անձանց մոտ բարձր վարակիչ ձևը, որը կոչվում է կեղևային քոս, կարող է թեփոտ ցան առաջացնել արմունկների, ծնկների, ձեռքերի և ոտքերի վրա։
Առողջապահության ազգային ծառայության (NHS) տվյալներով՝ երկրի հիվանդանոցներում ախտորոշված վարակակիրների թիվը 3600-ից ավելի է։
RCGP-ի նախագահ պրոֆեսոր Կամիլա Հոթորնի խոսքերով՝ շատ մարդիկ, ովքեր ունեն ախտանշաններ, հրաժարվում են բժշկական օգնություն փնտրել՝ վարակի հետ կապված «սոցիալական խարան»-ի պատճառով։ Նա նշել է, որ ընտանեկան բժիշկների կողմից ախտորոշումների թիվը «գերազանցում է վերջին հինգ տարվա միջին ցուցանիշը և աճում է, ընդ որում, դեպքերի կտրուկ աճ է նկատվում Անգլիայի հյուսիսում»։
«Չնայած որ լուրջ հիվանդություն չէ, քոսը կարող է շատ քոր առաջացնող և գրգռիչ լինել»,- ասել է նա։
«Եթե ճիշտ չբուժվի, այն կարող է տարածվել և մեծացնել հիվանդի մոտ բարդությունների, օրինակ՝ մաշկի երկրորդական վարակների առաջացման կամ արդեն գոյություն ունեցող մաշկային հիվանդությունների վատթարացման ռիսկը»։
Չնայած քոսի հետ կապված սոցիալական խարանին՝ բռնկման պատճառներից մեկը բուժման միջոցների պակասն է։



























