Ամռան գալուստով մեր զգեստապահարանը թեթևանում է՝ տեղ տալով հարմարավետ ու ազատ հագուստին։ Նույն սկզբունքը գործում է նաև կոշիկների պարագայում։ Բաց կոշիկները՝ բոկոտիկները, սանդալները, ռետիկները, դառնում են ամառային կերպարի անբաժանելի մասը։ Սակայն չպետք է մոռանալ, որ ոտքերի, մասնավորապես՝ գարշապարերի չորությունը, կարող է փչացնել ամբողջ տպավորությունը։ Որպեսզի նման անակնկալներից խուսափենք, կարևոր է ապահովել գարշապարերի պատշաճ խնամքը տան պայմաններում։
Կարևոր է հիշել, որ գարշապարերի չոր մաշկը ոչ միայն էսթետիկ, այլև առողջական խնդիր է։ Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել ոտքերի վիճակին ոչ միայն ամռանը, այլև ամբողջ տարի, քանի որ դա կօգնի կանխել ավելի լուրջ խնդիրների՝ ճաքերի, կոշտուկների և գորտնուկների առաջացումը։ Գարշապարերի չորության պատճառների մասին մանրամասն պատմում է մաշկաբանը։
## Ինչու են չորանում գարշապարերը. հիմնական պատճառները
Գարշապարերի մաշկի չորությունը բնական երևույթ է։ Հենց ոտնաթաթերն են կրում քայլելիս մարմնի ամենամեծ ծանրաբեռնվածությունը, ինչն անդրադառնում է մաշկի վիճակի վրա։ Սակայն կան մի շարք արտաքին և ներքին պատճառներ, որոնք կարող են սրել իրավիճակը։ Դրանք կարևոր է իմանալ՝ մաշկի առողջ վիճակը պահպանելու համար։
* **Սնուցման անբավարարություն։**
Չորության հիմնական պատճառը սնուցման պակասն է։ Քանի որ ոտնաթաթերի մաշկը մշտապես ճնշման է ենթարկվում, այն կարիք ունի բավարար խոնավացման և սնուցման, որպեսզի կանխվի եղջերացած շերտի կուտակումը։ Հակառակ դեպքում կառաջանան ճաքեր և կոշտուկներ։
* **Սխալ կոշիկ։**
Անորակ կոշիկներ կրելիս մեծանում է ոտնաթաթի ծանրաբեռնվածությունը։ Նման կոշիկները խաթարում են արյան շրջանառությունը և շեղում են ոտնաթաթի հենման ճիշտ կետերը։ Մաշկը սկսում է կոշտանալ՝ պաշտպանվելու նպատակով, ինչն անդրադառնում է ոտնաթաթերի ընդհանուր առողջության վրա։
* **Բաց կոշիկներ։**
Եթե կարծում եք, որ սանդալները, ռետիկները և նմանատիպ այլ կոշիկներն ամռան համար լավագույն ընտրությունն են, ապա շտապում ենք հիասթափեցնել ձեզ։ Ամբողջ տարի ձեր ոտքերը գտնվում են փակ կոշիկների մեջ, ինչը կտրուկ փոխվում է շոգ եղանակի գալուստով։ Արտաքին ազդեցություններից պաշտպանվելու համար մաշկը սկսում է ավելի ինտենսիվ կոշտանալ։
* **Անբավարար խնամք։**
Ոտքերի մաշկը պարբերաբար պետք է մաքրել եղջերացած մասնիկներից։ Դրա համար հարմար են պեմզան, հատուկ խարտոցները և թթվային պիլինգները։ Եթե դա չի արվում, աստիճանաբար մաշկը կդառնա ավելի հաստ, կառաջանան ճաքեր։
* **Ավելորդ խնամք։**
Զարմանալի է, սակայն խնամքի մեջ կարելի է չափն անցնել։ Եթե պեդիկյուրի ընթացքում շատ ինտենսիվ աշխատել, մաշկը կարող է շատ բարակել։ Սա, իր հերթին, ստիպում է բջիջներին ավելի արագ բաժանվել՝ մաշկի պաշտպանիչ հատկությունները վերականգնելու համար։
* **Սունկ (Գրիբոկ)։**
Հնարավոր է, որ հետևում եք բոլոր խորհուրդներին, բայց ոտքերի մաշկը մնում է կոշտ ու չոր։ Այդ դեպքում անհապաղ պետք է դիմել մաշկաբանին, քանի որ դա կարող է լինել սնկային վարակի ախտանիշ։
* **Վիտամինների պակաս։**
Գարշապարերի չորության վրա կարող է ազդել նաև ավիտամինոզը և մարդու սննդակարգում ճարպաթթուների պակասը։ Այդ դեպքում չորությունը կդրսևորվի ոչ միայն գարշապարերում, այլև ամբողջ մաշկի, ինչպես նաև մազերի վրա։
* **Առողջական խնդիրներ։**
Ոտնաթաթերի չոր, եղջերացած մաշկը կարող է լինել օրգանիզմում լուրջ խնդիրների ախտանիշ, ինչպիսիք են քաղցկեղը, պսորիազը, շաքարային դիաբետը և այլն։ Եթե կանոնավոր խնամքի պայմաններում ոտքերի մաշկը կտրուկ փոխել է իր վիճակը, դա բժշկի դիմելու լուրջ առիթ է։
* **Կանգնած աշխատանք։**
Չոր գարշապարերի ևս մեկ ոչ ակնհայտ պատճառ։ Քանի որ ոտքերը կրում են հիմնական ծանրաբեռնվածությունը, դրանք վերականգնվելու համար մշտական հանգիստ են պահանջում։ Եթե օրվա ընթացքում մշտապես կանգնած եք, ապա մաշկը սկսում է լրացուցիչ պաշտպանիչ շերտ ստեղծել՝ ձեզ ծանրաբեռնվածությունը տանելու համար։ Հիշեք ոտքերի լիարժեք հանգստի և ճիշտ աշխատանքային կոշիկների մասին։
—
## Ինչպես ազատվել գարշապարերի չորությունից տանը
Գարշապարերի չորությանը տան պայմաններում կարելի է պայքարել մի քանի եղանակով.
* **Վաննաներ։**
Ամենաարդյունավետ եղանակներից մեկը աղային վաննան է։ Դրա համար տաքացրեք 2 լիտր ջուր այնքան, որ կարողանաք դիմանալ ջերմաստիճանին։ Ավելացրեք 2 ճաշի գդալ ծովի աղ, լավ խառնեք և ոտքերը լուծույթում պահեք 15 րոպե։ Այնուհետև գարշապարերը շփեք խոզանակով կամ պեմզայով։ Եղջերացած մասնիկները շատ հեշտությամբ կհեռանան։
Այնուհետև ոտքերը լվացեք հոսող ջրով և քսեք ձեր սիրելի յուղը կամ յուղալի կրեմը։ Եթե մաշկը չափավոր չոր է, ապա այս պրոցեդուրան կարելի է անել շաբաթական 2 անգամ։ Շատ չոր մաշկի դեպքում խնամքն իրականացրեք ամեն օր կամ օրը մեջ։ Արդյունքը տեսանելի կլինի արդեն 2 շաբաթից։
Բացի այդ, աղը կարելի է պարբերաբար փոխարինել սոդայով։ Տաք ջրին ավելացրեք 1-2 գդալ սոդա և մի փոքր հեղուկ օճառ։ Ոտքերը նման լուծույթում պահեք 10 րոպե, ապա շփեք պեմզայով։ Արդյունքը ձեզ հաճելիորեն կզարմացնի։
* **Պիլինգներ։**
Եղջերացած չոր մաշկը հեռացնելու համար կարելի է օգտագործել հատուկ պիլինգներ, որոնք առաջարկում են բազմաթիվ կոսմետիկ բրենդներ։ Նման միջոցները գոյություն ունեն մի քանի ձևով։
Մրգային թթվի հիմքով պիլինգը քսում են շոգեհարած ոտքերին, ապա փափկած մաշկն առանց ջանքերի հեռացվում է պեմզայով կամ խոզանակով։ Պիլինգի առավելությունն այն է, որ դրանով գրեթե անհնար է ավելորդը հեռացնել, քանի որ մրգային թթուն ազդում է միայն մահացած մաշկի վրա։
**Պիլինգ-գուլպաները**
օգնում են հասնել եղջերացած մաշկի առավելագույն հեռացմանը։ Դրանք պոլիէթիլենից պատրաստված փոքրիկ պարկեր են, որոնց ներսում ակտիվ նյութ կա։ Գուլպաները պետք է հագնել ոտքերին՝ նախապես շոգեհարելով և չորացնելով մաշկը։ Պետք է գուլպաները ոտքերին պահել ճիշտ ըստ հրահանգի, ապա լուծույթը լվանալ ոտքերից։ Արդեն 2-3 օրից եղջերացած մաշկը կսկսի շերտազատվել՝ տեղ տալով նուրբ, փափուկ գարշապարերին։
* **Յուղային կոմպրեսներ։**
Չորության դեմ պայքարելու համար կարելի է կիրառել մաշկի լրացուցիչ սնուցում։ Դրա համար հարմար են ոտքերի հատուկ յուղալի կրեմները կամ բնական յուղերը, ինչպիսիք են կոկոսի, ձիթապտղի, շիի և նշի յուղերը։ Պրոցեդուրան անցկացնելու համար ոտքերին քսեք կրեմի կամ յուղի հաստ շերտ, փաթաթեք սննդային թաղանթով և հագեք փափուկ գուլպաներ։ Կոմպրեսը թողեք մի քանի ժամ, կամ ավելի լավ է՝ ամբողջ գիշեր։ Մի քանի պրոցեդուրայից հետո դուք չեք ճանաչի ձեր գարշապարերը։
Ինչպես տեսնում եք, գարշապարերի չորությանը հեշտությամբ կարելի է պայքարել տան պայմաններում։ Հուսով եմ, որ այս խորհուրդները ձեզ օգտակար կլինեն։ Ցանկանու՞մ եք իմանալ ոտքերի խնամքի այլ գաղտնիքներ։



























