Մենինգիտը գլխի և ողնուղեղի թաղանթների բորբոքման հետ կապված հիվանդություն է։
Այս հիվանդությամբ ավելի հաճախ հիվանդանում են երեխաները, այդ պատճառով էլ որոշել ենք հիշեցնել ծնողներին, թե ինչպես է պետք ճանաչել մենինգիտը և որ ախտանշաններին է պետք ուշադրություն դարձնել առաջին հերթին։
Հանկարծակի տենդ

Մենինգիտի նշաններից մեկը տենդն է, որը շատ հանկարծակի է սկսվում։ Երեխան սկսում է դողալ և բողոքում է ցրտից։ Հիվանդի ջերմությունն արագ բարձրանում է, որը շատ դժվար է լինում իջեցնել։
Սակայն այս ախտանշանը կարող է սովորական վիրուսի դեպքում էլ նկատվել, այդ պատճառով կարևոր է հաշվի առնել նաև այլ ախտանշաններ։
Ուժեղ գլխացավ

Գլխացավը մենինգիտի ժամանակ ոչ թե պարզապես ուժեղ է լինում, այլ՝ անտանելի։
Նորածինների մոտ բնորոշ ախտանշան է նաև համարվում գաղթունի շրջանում ուռուցիկությունը։
Տեսողության երկատում

Մենինգիտով հիվանդը չի կարողանում ֆոկուսի բերել տեսողությունը, ինչի արդյունքում առարկաները նրա աչքին զույգ են երևում։
Փորացավ, սրտխառնոց և փսխում

Մենինգիտով հիվանդը կորցնում է ախորժակը։
Սովորաբար դա տեղի է ունենում մշտական սրտխառնոցի պատճառով, որը ուղեկցվում է փորացավով և փսխումով։
Լուսազգայունություն

Մենինգիտի ևս մեկ նշան է վառ լույսի նկատմամբ վախը, որի պատճառով երեխայի աչքերն արցունքակալվում են, ինչպես նաև ուժեղանում է սրտխառնոցն ու գլխացավը։
Մկանների կծկում

Մենինգիտով հիվանդ երեխան պառկում է սովորաբար կողքի վրա՝ ծնկները ծալած և գլուխը դեպի հետ գցած։ Վիզը շարժել նա սովորաբար չի կարողանում
Ոտքերը բացելու անհնարինություն
Նույնիսկ եթե հաջողվում է երեխայի գլուխը դեպի կուրծքը թեքել, նրա ոտքերն անմիջապես ծններից ծալվում են, որոնք անհնար է լինում բացել նման դիրքով։ Այս երևույթը Բրուդզինսկիի համախտանիշ է կոչվում։
Մենինգիտի ժամանակ սրա հետ միասին ի հայտ է գալիս նաև Քերնիգի համախտանիշը, որի դեպքում անհնար է ծալել ծնկի մասից ոտքը, եթե այն բարձրացված է մոտ 90°։
Մաշկի վրայի ցանը գույնը չի փոխում

Մենինգիտի ժամանակ նաև մաշկի վրա ցան է հնարավոր։ Այն տարբերել մենինգիտի հետ կապ չունեցող ցանից կօգնի հասարակ թեստը։
Թափանցիկ ապակուց բաժակ վերցրեք, դրեք այն ցանի վրա և սեղմեք այնպես, որ մաշկը բաժակի տակ գույնը գցի։ Եթե ցանը նույն գույնի է մնում, ապա դա մենինգիտ է։
Ի՞նչ անել

Մենինգիտի ախտանշաններ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես շտապ օգնություն կանչել։ Մինչև բժիշկների ժամանումը անհրաժեշտ է հիվանդին հանգիստ, լռություն ապահովել և անջատել սենյակի լույսը։
Հոսպիտալացումից հրաժարվել ոչ մի դեպքում պետք չէ, քանի որ այս հիվանդության դեմ պայքարել ամենաճիշտը հիվանդանոցային պայմաններում է հնարավոր։



























