Լավագույն հակատարիքային դիմակը մաշկը թարմացնելու և պիգմենտային հետքերից ազատվելու համար

Տարիների ընթացքում մաշկը կորցնում է իր առաձգականությունն ու թարմությունը և սկսում է պատվել կնճիռներով ու պիգմենտային հետքերով: Ծերացման այս տհաճ նշաններից ազատվելու համար գոյություն ունեն բազմաթիվ կոսմետիկ պրոցեդուրաներ, սակայն դրանք ոչ միշտ են ցանկալի արդյունք տալիս և ոչ միշտ են անվտանգ լինում, ուստի մաշկաբանները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ բնական դիմակներին:

Բնական դիմակները ոչ միայն նույնքան արդյունավետ են, այլև շատ ավելի անվնաս, քանի որ չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր և չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ ու այլ կողմնակի բարդություններ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նմանատիպ մի դիմակ, որը կօգնի հավասարեցնել մաշկի գույնը, կհարթեցնի մաշկը, կդարձնի այն ավելի ձիգ ու առաձգական, կխոնավեցնի ու կսնուցի այն, ինչպես նաև առողջ փայլ կհաղորդի:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 1 ճաշի գդալ մատուտակի արմատի փոշի (քաղցրարմատ),
  • 1 թեյի գդալ եփած վարսակ,
  • բնական տոնիկ կամ վարդի ջուր:

Դիմակի պատրաստման եղանակը.

Նախ խառնել մատուտակի արմատի փոշին ու եփած վարսակը, այնուհետև ավելացնել այնքան տոնիկ կամ վարդի ջուր, որքան հարկավոր է մածուցիկ զանգված ստանալու համար:

Հարկ է հիշել, որ դիմակը պատրաստելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մաշկի տեսակին: Չոր մաշկի դեպքում վարսակը հարկավոր է ջրով եփել, մինչդեռ յուղոտ մաշկի դեպքում շիլայի համար հարկավոր է կաթ օգտագործել:

Օգտագործման եղանակը.

Դեմքի մաքուր մաշկը խոնավեցնել գոլ ջրով, այնուհետև ստացված զանգվածը քսել մաշկին և մոտ 5 րոպե մերսել: Դիմակը թողնել ևս 15-20 րոպե, այնուհետև լվացվել նախ գոլ ջրով, այնուհետև՝ սառը: Այս պրոցեդուրայից հետո հարկավոր է նրբորեն չորացնել մաշկն ու քսել խոնավեցնող նրբաքսուք:

Պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն օր կամ շաբաթական առնվազն 3 անգամ: Դրական արդյունքն ակնհայտ կլինի ընդամենը մեկ ամսից: