Երեխաները երբեմն ստիպում են ծնողներին նյարդայնանալ տարբեր պատճառներով։ Մասնավորապես՝ խաղից հետո սենյակում թափթփվածության պատճառով։
Լավ է, երբ երեխան արձագանքում է դիտողությանը և սկսում է հավաքել խաղալիքները, իսկ եթե նույնիսկ բղավելը չի օգնու՞մ։
Ձեզ մի քանի խորհուրդ ենք ցանկանում տալ, թե ինչպես է պետք հասնել դրան առանց կռվի և գոռգոռոցի։
1 Հուշեք և օգնեք
Սկզբնական փուլում պետք է ցույց տալ երեխային, թե ինչպես կարգի բերի սենյակը և օգնել նրան։ Նախ դա լավ օրինակ կծառայի։ Երկրորդը՝ նա դեռ չգիտի, թե որն է ձեր ասած «մաքուրը»։ Երրորդ՝ երկուսով միշտ ավելի ուրախ ու արագ է ստացվում ամեն բան։

2 Առաջադրանք տալիս հաշվի առեք երեխայի տարիքը
Տվեք այնպիսի առաջադրանքներ, որոնք երեխան կարող է կատարել իր տարիքին ու ֆիզիկական զարգացվածությանը համապատասխան։

3 Գործերի ցուցակ կազմեք
Արդեն կարդալ կարողացող երեխաների համար երևացող տեղում ցուցակ կախեք, թե նա ինչ պետք է անի։ Փոքրերի համար նույնը կարելի է անել նկարներով։ Հետո թող նշեն, թե որն են կատարել։ Սա կարելի է պարգևատրումով խաղի վերածել։

4 Խաղային պահեր
Ժամանակ առ ժամանակ կարելի է սենյակը հավաքելու մրցույթներ կազմակերպել։ Օրինակ. Սկզբում հավաքել կանաչ խաղալիքները, հետո դեղինները և այլն։

5 Տուգանային րոպեներ թափթփված իրերի համար
Փորձառու ծնողներն այսպիսի կանոն են կիրառում. Յուրաքանչյուր գետնին գցված իրի համար երեխան հինգ րոպե շուտ է գնում քնելու։ Օրինակ մեկ գուլպայի համար՝ 5 րոպե, երկուսի համար՝ 10 րոպե, եթե նաև բլուզն է գետնին՝ 15 րոպե։




























