Երիտասարդ կարտոֆիլի սեզոնը բացված է։ Այժմ կարելի է լիաթոք վայելել այս անուշաբույր խավարտը։ Իսկ գիտեի՞ք, որ եփած կարտոֆիլն իր համային հատկությունները լավագույնս պահպանում է, եթե այն գցում եք ոչ թե սառը, այլ արդեն եռացող ջրի մեջ։ Այսպես արմատապտուղը պահպանում է իր քաղցրավուն նոտաները։

Մենք ցանկանում ենք փարատել այն միֆը, թե երիտասարդ կարտոֆիլը կարելի է միայն եփել, ուստի ձեզ համար պատրաստել ենք հիանալի ընտրանի՝ ամենահաջող բաղադրատոմսերով։ Մի վախեցեք փորձարկել, շատ համեղ կստացվի։

Եփած կարտոֆիլ սամիթով
Ձեզ հարկավոր է՝
1–1,5 կգ երիտասարդ կարտոֆիլ
100–150 գ կարագ
աղ՝ ըստ ճաշակի
1 փունջ սամիթ
2–3 պճեղ սխտոր

Ինչպես պատրաստել՝
Մետաղական սպունգի օգնությամբ մաքրեք կարտոֆիլի կեղևը։ Լավ լվացեք կարտոֆիլը և եփեք աղ արած ջրում։
Քանի դեռ կարտոֆիլը եփվում է, լվացեք և մանր կտրատեք սամիթը, մաքրեք սխտորի պճեղները և մանր կտրատեք։
Երբ կարտոֆիլը պատրաստ լինի, կաթսայից ջուրը դատարկեք, կարտոֆիլին ավելացրեք կարագը, մանրացրած սխտորն ու սամիթը։ Կաթսան ծածկեք կափարիչով և լավ թափահարեք։
Թողեք կարտոֆիլը կափարիչի տակ 5 րոպե, որպեսզի ներծծվի բույրերով։ Մատուցելուց առաջ կարտոֆիլը դրեք խորը ամանի մեջ և վրան լցրեք կաթսայում մնացած յուղը։
Թխած երիտասարդ կարտոֆիլ
Ձեզ հարկավոր է՝
1 կգ երիտասարդ կարտոֆիլ
5 պճեղ սխտոր
մի ճյուղ ռոզմարին
1 փունջ սամիթ
100 գ կարագ
աղ՝ ըստ ճաշակի
սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Ինչպես պատրաստել՝
Մետաղական սպունգի օգնությամբ մաքրեք կարտոֆիլի կեղևը։ Կարտոֆիլը կիսեք և կիսապատրաստ վիճակի բերեք եռացող աղաջրում (10 րոպեի ընթացքում)։
Այնուհետև կաթսայից ջուրը դատարկեք և չորացրեք կարտոֆիլը։ Դրեք դրանք թխելու համար նախատեսված ձևամանի մեջ, ավելացրեք մաքրած, դանակով ճզմած սխտորը, աղ և պղպեղ։ Կարագը կտրատեք փոքր խորանարդիկների և դրեք կարտոֆիլի վրա, ավելացրեք մանրացրած ռոզմարին։
Ձևամանն ուղարկեք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոց 40 րոպեով։ Պատրաստման ընթացքում խորհուրդ ենք տալիս պարբերաբար խառնել կարտոֆիլը։ Մատուցելուց առաջ ուտեստի վրա շաղ տվեք մանրացրած սամիթ։
Երիտասարդ կարտոֆիլ սուլուգունիով
Ձեզ հարկավոր է՝
1 կգ ոչ մեծ երիտասարդ կարտոֆիլ
3–5 պճեղ սխտոր
2 ճ/գ կարագ
200 գ սուլուգունի
կանաչի՝ ըստ ճաշակի
աղ՝ ըստ ճաշակի

Ինչպես պատրաստել՝
Մաքրեք կարտոֆիլի կեղևը մետաղական սպունգի օգնությամբ։ Կարտոֆիլը դրեք աղ արած եռացող ջրի մեջ և եփեք 15 րոպեի ընթացքում։ Այնուհետև կաթսայից ջուրը դատարկեք և չորացրեք կարտոֆիլը։
Մաքրեք և մանրացրեք սխտորը։ Տաքացրած թավայի մեջ դրեք կարագը, հալեցրեք և ավելացրեք սխտորը, թողեք յուղը 20 վայրկյան ներծծվի բույրով և թավան վերցրեք կրակից։
Եփած կարտոֆիլը դրեք թխելու համար նախատեսված ձևամանի մեջ և վրան լցրեք հալեցրած կարագը։ Սուլուգունին կտրատեք 1,5 սմ լայնությամբ շերտերով և ծածկեք դրանցով կարտոֆիլը։ Ձևամանն ուղարկեք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոց և թխեք մինչև պանիրը հալվի ու կարմրի։
Տապակած երիտասարդ կարտոֆիլ
Ձեզ հարկավոր է՝
1 կգ մանր երիտասարդ կարտոֆիլ
2–3 ճ/գ արևածաղկի ձեթ
1 փունջ սամիթ
աղ՝ ըստ ճաշակի
1 թ/գ կարագ

Ինչպես պատրաստել՝
Մանրակրկիտ լվացեք և չորացրեք կարտոֆիլը։ Կաթսա կամ խորը թավա լցրեք արևածաղկի ձեթով։
Ձեթով ամանի մեջ դրեք կարտոֆիլը և եփեք՝ պարբերաբար թափահարելով, 15–20 րոպեի ընթացքում՝ կափարիչի տակ։
Լվացեք և մանրացրեք սամիթը, մաքրեք և մանր կտրատեք սխտորը։ Կարտոֆիլի վրա շաղ տվեք սամիթն ու սխտորը, լավ խառնեք և տապակեք կափարիչի տակ ևս մի քանի րոպե։ Պատրաստման վերջում ավելացրեք կարագը, խառնեք և վերցրեք կարտոֆիլը կրակից։
Աղցան երիտասարդ կարտոֆիլից
Ձեզ հարկավոր է՝
500 գ երիտասարդ կարտոֆիլ
200 գ կանաչ լոբի
120 գ սարդինա՝ յուղի մեջ
մի բուռ առանց կորիզ ձիթապտուղ
կես կիտրոնի հյութ
1 ճ/գ ձիթապտղի յուղ
աղ՝ ըստ ճաշակի
սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Ինչպես պատրաստել՝
Լվացեք, կարտոֆիլը կտրատեք 3 մասի և եփեք մինչև պատրաստ լինելը։ Լոբին մանր կտորների բաժանեք և դրեք կաթսայի մեջ արմատապտուղի պատրաստ լինելուց 3 րոպե առաջ։ Ջուրը քամեք և սառեցրեք բանջարեղենը։
Աղցանամանի մեջ դրեք սարդինաները, ավելացրեք աղ, պղպեղ, կիտրոնի հյութ և պատառաքաղով տրորեք սարդինաները։ Սարդինաներին ավելացրեք մանր կտրատած ձիթապտուղները, եփած կարտոֆիլը և լոբին, ավելացրեք ձիթապտղի յուղը, լավ խառնեք, թողեք 15 րոպե և կարող եք մատուցել։

Հուսով ենք՝ մենք համալրեցինք ձեր հաջող բաղադրատոմսերի զինանոցը։ Խորհուրդ ենք տալիս պատրաստել այս ուտեստներից մեկը, երբ բնություն եք գնում, քանի որ ոչինչ ավելի լավ չի համադրվում կարտոֆիլի հետ, քան հյութեղ խորովածը։ Իսկ դուք սովորաբար ինչպե՞ս եք պատրաստում երիտասարդ կարտոֆիլը։ Կիսվեք ձեր ֆիրմային բաղադրատոմսերով մեկնաբանություններում։ Եթե հոդվածը ձեզ դուր եկավ, պատմեք դրա մասին ձեր ընկերներին։







