Ճանապարհային երթևեկության կանոններն արհամարհող վարորդը շատ վտանգավոր է:
Սակայն կարգը խախտող հետիոտնը ևս վտանգավոր է:
Սրտացավները զօր ու գիշեր աշխատում են այդպիսիներին իրենց արածի հետևանքները ցույց տալու համար:
Ներկայացնում ենք ինչ են մտածել դրա համար Ֆրանսիայում:

Փարիզ, կեսօր: Լուսացույցը հետիոտներին կարմիր գույն է ցույց տալիս, բայց մարդիկ անցնում են փողոցը՝ բջջային հեռախոսների մեջ խորասուզված:
Հենց կինը հասնում է ճանապարհի կեսին, լռությունը վերանում է:

Արգելակման ուժեղ ձայն լսելով և հասկանալով, որ իրեն ուր-որ է՝ մեքենա կհարվածի՝ նա բղավում է՝ դեմքը ձեռքերով ծածկելով:
Սակայն մեքենա չի երևում:

Ձայնի աղբյուրը որոնելով՝ կինն անցնում է փողոցն ու կանգնում:
Մոտակա պատի վրա նրա վախեցած դեմքի հենց նոր արված լուսանկարն է կարճ գրությամբ:

«Իզուր մի նայիր մահվան դեմքին: Փողոցն անցնելիս ուշադրություն դարձրու լուսացույցին», ասվում է գրառման մեջ:

Թաքնված տեսախցիկը նկարահանում է օրինախախտներին և արագ ցույց տալիս նրանց վախեցած դեմքը:



























