Գեղեցիկ ու ներդաշնակ շպարի ամենակարևոր տարրերից մեկը գրագետ ընտրված շրթներկն է։
Այսօր ներկայացնում ենք դիմարահարդարի խորհուրդներն այն մասին, թե ինչպես է պետք ընտրել շրթներկը, ինչին է պետք հատկապես ուշադրություն դարձնել։

Հաշվի ենք առնում մեր բնական գույները
Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել մաշկի գույնին։ Եթե մաշկը բաց է և նույնիսկ գունատ, ամենից ճիշտ բնական, սառը տոների գույներն են՝ վարդագույնից մինչև սալորագույն։ Եթե մաշկի գույնը գունատի և մուգի արանքում է, կարելի է համարձակ կերպով օգտվել կարմիր շրթներկից և բոլոր ոսկեգույն երանգներից։
Մուգ աղջիկների բախտն ամենից շատն է բերել, նրանց սազում են հյութեղ, վառ գույները, ընդ որում որքան մուգ է մաշկը, այնքան ավելի հագեցած պետք է լինեն գույները։
Մազերի գույնը նույնպես կարևոր է։ Շիկահերներին սազում են դեղձի նուրբ երանգները, վարդագույնը, կորալը և նույնիսկ հատապտղային երանգները։ Խարտյաշ մազերով աղջիկներին սազում են շագանակագույնի վառ երանգները, իսկ մուգ մազերով աղջիկների բախտը կրկին ամենաշատն է բերել, նրանք կարող են ամենատարբեր երանգներ ընտրել՝ շատ մուգից մինչև շատ բաց։
Կարևոր է նաև աչքերի գույնը։ Մուգ աչքերի հետ սազում են կարմիրի և շագանակագույնի երանգները, երկնագույն և մոխրագույն աչքերին համապատասխանում են բալի երանգներն, իսկ կանաչ աչքերն ավելի արտահայտիչ են դառնում տեռակոտի և նարնջագույնի երանգների հետ։

Շուրթերի ձևը նույնպես նշանակություն ունի։ Եթե դրանք բարակ են, ապա անփայլ գույներից պետք է հրաժարվել, ավելի հարմար կլինեն սադափափայլ բաց գույները։ Հիշեք որ շրթունքների փայլը առանձնակի ծավալ է հաղորդում դրանց։ Հաստ շրթունքներ ունեցողներին խորհուրդ է տրվում հեռու մնալ շատ մուգ գույներից, քանի որ մի քիչ անզգուշության դեպքում հրապուրիչ կերպարը կարող է վուլգարի վերածվել։



























