Որոշ երկրներում ընդունված է այրել մահացածի մարմինը և մոխիրը կամ խառնել օվկիանոսի ջրերին, կամ աճյունասափորի մեջ պահել: Ինչ-որ մեկի գլխում այդ մոխիրը այլ նպատակով օգտագործելու միտք է ծագել:
Առաջին անգամ մահացածի մարմնի մոխիրը արտասովոր ձևով օգտագործելու գաղափարի հեղինակները դարձան շվեյցարացի գիտնականները:
2001թ. դրանից պատրաստվեց առաջին արհեստական ադամանդը: Բարձր ճնշման ազդեցությամբ մոխրի մեջ պարունակվող ածխածնից պատրաստում են յուրահատուկ կառուցվածքով թանկարժեք այդ քարը:

Քարը կարելի կրել մատանու կամ կախազարդի վրա: Նման ձևով պատրաստված ամենափոքր ադամանդը արժե 5 հազար եվրո. պետք է նշել, որ մոտ 80 կգ կշռող մարդու մարմնի մոխրից կարելի է պատրաստել ցանկացած ձևի և գույնի 1 կարատանոց ադամանդ:

Ամերիկացի դիզայներ Մերի Կուրը գեղեցիկ զարդեր է պատրաստում մոխրից և ապակուց նրանց համար, ովքեր ցանկանում են կրել իրենց մտերիմների մասին հուշը:

Դրանք բացառապես ձեռքի աշխատանք են և անկրկնելի դիզայն ունեն:

Յուրաքանչյուր հուլունքի մեջ լցվում է կես գդալ մոխիր:





























