Իհարկե, հղիությունն ու ծննդաբերությունը կնոջ օրգանիզմի համար ամենամեծ սթրեսներից մեկն են, և խոսքը մեկ երեխայի մասին է։ Հիմա պատկերացրեք Գոսիամե Սիտոլայի վիճակը Հարավային Աֆրիկայի Տեմբիսա քաղաքից, ով ապահով դիմացավ և միանգամից տասը երեխա ունեցավ:

Օրեր առաջ 37-ամյա աֆրիկացի կինը բազմազավակ մայր է դարձել՝ լույս աշխարհ բերելով 7 տղա և երեք աղջիկ։ Վեց տարի առաջ կինը երկվորյակներ էր լույս աշխարհ բերել, ուստի բժիշկներն այս անգամ չեն բացառել բազմակի հղիությունը: Առաջին ուլտրաձայնը ցնցել է և՛ բժիշկներին, և՛ ծնողներին, քանի որ էկրանին երևում էր ութ երեխա:

Ամուսնու խոսքով՝ կնոջն անմիջապես զգուշացրել են, որ այդքան պտուղներով նա ինքնուրույն չի ծննդաբերի։ Հղիությունը տևել է 7 ամիս և ավարտվել կեսարյան հատումով։ Փաստորեն ոչ թե ութ, այլ տասը երեխա է ծնվել։

Այս պահին և՛ մայրը, և՛ փեքրիկներն իրենց լավ են զգում, բժիշկների հսկողության տակ են գտնվում միայն երկու փոքրիկներ, ովքեր ամբողջ ժամանակ թաքնվել են ուլտրաձայնային հետազոտությունից։

Սկզբում կինը չի հավատացել բժիշկներին, երբ նրանք ուլտրաձայնի վրա այդքան երեխա են տեսել։ Նույնիսկ երբ նրան ցույց տվեցին նկարները, դեռ որոշ ժամանակ պահանջվեց այս փաստը գիտակցելու համար: Գոսիամե Թամարան գիշերը չի քնել։ Նրան տանջում էին վախերը։ Նա անհանգստանում էր, թե արդյո՞ք նրանք բոլորը ողջ կմնան, ինչպես կտեղավորվեն, արդյո՞ք կլինեն սիամական երկվորյակներ:
«Ես ուղղակի աղոթում եմ Աստծուն, որ նա օգնի ինձ ծնել բոլոր երեխաներին առողջ, և որ ես ու երեխաները ողջ մնանք: Ես ուրախ կլինեի դրա համար»,- հույս հայտնեց Սիտոլեն:
Ինչ վերաբերում է Տեբոհոյին, ապա նա սկզբում նույնպես չէր հավատում ութ երեխային, բայց հետո սկսեց իրեն «ընտրյալ» զգալ։ «Ես ինձ երջանիկ էի զգում, քանի որ շատ մարդիկ չեն կարող երեխա ունենալ: Սա հրաշք է, որը ես իսկապես գնահատում եմ», – բացատրեց տղամարդն այդ հարցազրույցում։
Ռեկորդը պաշտոնապես չի հաստատվել, քանի որ ողջ տեղեկությունը գալիս է Գոսիամեի ամուսնուց, ով տեղի մամուլին հայտնել է ուրախալի իրադարձության մասին։ Սակայն ոչ Հարավային Աֆրիկայի բժշկական իշխանությունները, ոչ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս իրավիճակը։
Մինչ օրս երեխա ունենալու «չեմպիոնը» Մալիի 25-ամյա բնակչուհի Հալիմա Սիսեն է, ով միանգամից 9 երեխա ունեցավ։



























