Քուինանան փոքրիկ քաղաք է Ավստրալիայում, որը միևնույն ժամանակ տարածաշրջանի գլխավոր արդյունաբերական կենտրոններից մեկն է համարվում։
Զարմանալի չէ, որ տեղի բնակիչները լրջորեն անհանգստացած են շրջակա միջավայրի վիճակով։
2018 թվականի ամռան վերջին տեղի իշխանությունները որոշեցին մի արտասովոր նախագիծ իրականացնել, որը նրանց հայտնիություն բերեց աշխարհով մեկ։

Իշխանությունները քաղաքի դրենաժային համակարգի ջրորդանների վրա ցանցեր են տեղադրել, որոնք հավաքում են աղբը։ Մի քանի շաբաթվա ընթացքում երկու փորձնական ցանցերը ավելի քան 300 կիլոգրամ թափոն են հավաքել։

Ցանցերի տեղադրումն ու սպասարկումը 10 հազար դոլար է արժեցել՝ ամեն մեկը։

Այդպիսով քաղաքին հաջողվել է լուծել տհաճ խնդիրը, երբ անձրևը մեծ քանակությամբ աղբ էր քշում դեպի դրենաժային համակարգ։ Իսկ այնտեղից աղբը ընկնում էր գետը։

Հենց որ ցանցը լցվում է, այն դատարկում են և թափոններն ուղարկում աղբի տեսակավորման, որտեղից մի մասը գնում է վերամշակման, մնացածը՝ աղբանոց։

Քաղաքապետ Քերոլ Ադամսը նշել է, որ Facebook-ում ցանցերի մասին իրենց հրապարակումը շատ արագ տարածվել է աշխարհով մեկ։

Թերևս ամեն մի նման հայտնագործություն մի փոքր քայլ է դեպի մոլորակի փրկությունը։ Մենք հսկայական ճանապարհ ունենք անցնելու, բայց պետք է սկսենք հիմա։

































