Տորթի բազմաթիվ բաղադրատոմսերի մեջ շահեկանորեն առանձնանում են նրանք, որոնք թխելու կարիք չունեն։ Այսօր առաջարկում ենք միասին պատրաստել սպիտակ շոկոլադով և ելակով շատ համեղ տորթ։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Թխվածքաբլիթ – 200 գր.
- Ելակ – 175 գր.
- Ջուր – 50 մլ.
- Սպիտակ շոկոլադ – 300 գր.
- Նուշի փաթիլներ – 2 ճ.գ.
- Կարագ – 90
- Շաքար – 50 գր.
- Օսլա – 1 ճ.գ.
- Սերուցք (33%) – 200 մլ.

Պատրաստման եղանակը
1. Թխվածքաբլիթը մանր փշուրների վերածեք, ավելացրեք հալեցրած կարագը, լավ խառնեք։ Զանգված լցրեք առանձնացող ձևամանի մեջ, մատներով հարթեցրեք զանգվածը՝ կողքերի մասը բարձր թողնելով և 15 րոպեով դրեք սառնարանը։
2. Սառեցված կամ թարմ հատապտուղները շաքարի հետ եռացրեք երկու րոպե։
3. Թասի մեջ խառնեք ջուրն ու օսլան և լցրեք ելակի խառնուրդի վրա, լավ խառնեք։ Եփեք երկու րոպե, հանեք կրակից և սառեցրեք։ Սառած ելակի միջուկը լցրեք ձևամանի մեջ և 20 րոպեով դրեք սառնարանը։
4. Առանձին ամանի մեջ տաքացրեք սերուցքը՝ համարյա հասցնելով եռման և ավելացրեք շոկոլադի կտորները։ Համասեռ զանգված դարձրեք և սառեցրեք։ Կրեմը լցրեք ելակային միջուկի վրա, վրայից զարդարեք նուշի փաթիլներով։ Տորթը չորս ժամով դրեք սառնարանը։







