Դաոսյան առած․ «Ապրիր ներկայով»

Ծեր Վենլինգը դեռ երեկոյից որոշել էր այցելել դաոսյան վանականին։ «Իմաստուն խորհուրդներ տվողի» հետ նա վաղուց էր մտերիմ և երբ ինչ-որ դժվար լուծելի խնդիր էր ունենում կյանքում, շտապում էր լսելու վանականի իմաստուն խորհուրդները։ Առավոտյան արթնանալուն պես Վենլինգը շտապեց դեպի միայնակ ժայռը։

Նա բարձրացավ ժայռն ի վեր, որտեղ ապրում էր վանականը, և գտավ նրան մեդիտացիա անելիս։ Վանականը լսելով կնոջ քայլերը՝ բացեց աչքերը և ողջունեց նրան։

«Բարի լույս, Վենլինգ, ինչն է քեզ այստեղ բերել, խնդիրնե՞ր ունես»,- հարցրեց վանականը՝ ոտքի կանգնելով։

«Կա նման բան»,- հառաչեց Վենլինգը։

«Հուսով եմ թեյից չես հրաժարվի, ընթացքում էլ խնդիրներդ կքննարկենք»,- ժպտաց ծերունին։

«Չեմ հրաժարվի»,- համաձայնեց հյուրը։

Նրանք մտան քարանձավ։

«Դե պատմիր, Վենլինգ, ինչն է քեզ այստեղ բերել»,,- հարցրեց վանականը՝ ընթացքում լցնելով թեյի բաժակները։

«Էէհ,- ծանր հառաչեց Վենլինգը,-լավ, հիմա կպատմեմ։ Վերջին ժամանակներս ես ամբողջովին կորցրել եմ կյանքի նկատմամբ հետաքրքրությունն ու ուրախությունը։ Այն ոչ միայն չի ուրախացնում ինձ, այլև երբեմն վախեցնում է։ Հասկանում ես, ես չեմ ուրախանում ներկայով, ես անընդհատ հիշում եմ երիտասարդությունս և ուզում եմ վերադառնալ այդ ժամանակները։ Իսկ երբեմն մտածում եմ ապագայի մասին և սարսափում։ Առջևում միայն մահն է։ Իսկ ի՞նչ է սպասվում իմ երեխաներին ու թոռներին․․․»։

«Այն, ինչ քեզ հետ տեղի է ունենում, Վենլինգ, շատ լուրջ է։ Մարդիկ տարօրինակ են։ Սկզբում նրանք շտապեցնում են ժամանակը, որ հասնեն ապագային, իսկ հայտնվելով ապագայում, ցանկանում են անցյալ վերադառնալ։ Այն մարդը, որն ապրում է ապագայով և երազում է անցյալ վերադառնալու մասին, մահանում է ներկայի համար», – անհանգստացած ասաց վանականը։

«Հիմա ի՞նչ անեմ, վանական»,- հարցրեց հյուրը՝ նայելով վանականի աչքերին։

«Դու անուշադիր ես դարձել ներկայի նկատմամբ, Վենլինգ, վերադարձիր ներկայիս օրվան»։

«Հեշտ է ասելը, իսկ ինչպե՞ս դա անեմ»,- հարցրեց հյուրը։

«Իմաստուն խորհուրդներ տվողը» վեր կացավ տեղից, կրկին թեյ լցրեց բաժակների մեջ և դիմեց Վենլինգին․

«Մի կում արա, Վենլինգ»։

Վենլինգը մի փոքր կում արեց թեյից։

«Ինչպիսի՞ն է այն»,- հարցրեց իմաստունը։

«Քո թեյը շատ լավն է, վանական»,- պատասխանեց կինը։ ՛

«Այո, Վենլինգ, դու ճիշտ ես, շատ լավ թեյ է։ Այն ինձ բերել է Քսինգը մի շաբաթ առաջ։ Նրա հողամասը բլրի հարավային մասում է գտնվում և թեյի թփերը բավական շատ արև են ստանում և դրանց թեյը հրաշալի համ է ունենում։ Իսկ հիմա, Վենլինգ, ձեռք տուր այն քարը, որի վրա նստած ես, ինչպիսի՞ն է այն»։

«Այն հարթ է և հաճելի, երբ շոշափում ես»,- պատասխանեց կինը։

«Հենց այդպես, Վենլինգ, այն հարթ է և հաճելի, և չկա որևէ պատճառ զղջալու մի կում հրաշալի թեյի համար, որը հավաքել է Քսինգը բլրի հարավային ստորոտից։ Իսկ քեզ դու՞ր է գալիս զրուցել ինձ հետ»,- հարցրեց նա հյուրին։

«Շատ է դուր գալիս, վանական։ Քեզ հետ զրուցելն այնքան հաճելի է»,- պատասխանեց Վենլինգը։

«Տեսնում ես Վենլինգ, ես նույնպես սիրում եմ զրուցել քեզ հետ։ Եվ չկա որևէ պատճառ զղջալու քարի ողորկության համար, որը դու քիչ առաջ ձեռք տվեցիր, և չկան վաղվա օրվա համար անհանգստանալու պատճառներ, հակառակ դեպքում դու կկորցնես այս օրվա գեղեցկությունը։ Ապրիր հիմա, ներկայով, Վենլինգ։ Քեզ, ինչպես և ինձ, շատ ժամանակ չի մնացել վայելելու մի կում թեյը, քարի ողորկությունը, օջախի ջերմությունը, գեղեցիկ մայրամուտը, թարմ հնձած խոտի բույրն ու հաճելի զրույցները, ապրիր ներկայով, Վենլինգ»։

Երբ ծեր Վենլինգը վերադառնում էր «Իմաստուն խորհուրդներ տվողի» մոտից, նա նայեց հովտում ընկած գյուղին։ Ձյունը ծածկել էր տների տանիքները, երեխաները սահում էին և բարձր աղմկում, իսկ երկնքում միայնակ ճախրում էր բազեն։

«Ինչպիսի գեղեցկություն»,- անսպասելի հիացավ Վենլինգը, կարխես այս ամենն առաջին անգամ էր տեսնում։

Կիսվել սոց․ ցանցերում
X