Գագաուզները թուրքալեզու ժողովուրդ են, որ ներկայումս ապրում են հիմնականում Մոլդովայում և Ուկրաինայի Օդեսայի շրջանի հարավ արևմուտքում։
Գագաուզները շատ հարուստ խոհարարական ավանդույթներ ունեն։
Նրանց մոտ հատկապես գերակշռում են խմորից պատրաստվող ուտեստները։

Այսօր առաջարկում ենք գագաուզյան շատ ախորժելի կարկանդակներ պատրաստել։ Միջուկը կարող է տարբեր լինել, բայց այսօր կներկայացնենք կաղամբով տարբերակը։

Անհրաժեշտ բաղադրիչներ են
• 450 գրամ ալյուր
• 260 մլ ջուր
• 7 գրամ չոր խմորիչ
• ½ թ․գ․ աղ
• Բուսայուղ՝ տապակելու համար
Միջուկի համար
• 1 կգ կաղամբ
• 1 հատ սոխ
• ¼ թ․գ․ չորացրած անանուխ
• ½ թ․գ․ կարմիր պղպեղ
• Աղ, պղպեղ, համեմ և մաղադանոս՝ ըստ ճաշակի
• 5 ճ․գ․ բուսայուղ
Պատրաստման եղանակը
1. Մաղած ալյուրը խառնեք աղի և չոր խմորիչի հետ։

2. Աստիճանաբար ջուր լցրեք, որ փափուկ խմոր ստացվի։
3. Խմորը դրեք յուղապատ թասի մեջ , ծածկեք և թողեք, որ բարձրանա։
4. Այդ ընթացքում մանր կտրատեք սոխը և կաղամբը։

5. Սոխառած արեք, վրան ավելացրեք կաղամբը և շարունակեք ուժեղ կրակի վրա միասին տապակել՝ անընդհատ խառնելով։

6. Ավելացրեք աղը, պղպեղը, չորացրած անանուխը և խառնեք։
7. Ծածկեք և շարունակեք շոգեխաշել, մինչև լրիվ պատրաստ կլինի։

8. Վերջում ավելացրեք կտրատած կանաչին և անջատեք։
9. Սեղանի վրա ալյուր ցանեք, խմորը մանր կտորների բաժանեք։
10. Խմորները բարակ կլոր լոշիկների տեսքով բացեք և ամեն մեկի մեջ դրեք կաղամբի միջուկը, կարկանդակի տեսք տվեք և փակեք։

11. Կարկանդակները տապակեք երկու կողմից՝ տակ բուսայուղի մեջ։

12. Հանելուց հետո դրեք անձեռոցիկի վրա։ Բարի ախորժակ։








