Այսօր տնային պայմաններում լավաշ թխելու հեշտ և արագ բաղադրատոմս ենք առաջարկում։
Ընդ որում, թխելու ենք թավայի մեջ՝ գազօջախի վրա։

Անհրաժեշտ բաղադրիչներ
- 600 գրամ ալյուր
- 5 գրամ չոր խմորիչ
- 5 գրամ աղ
- 0,5 թ․գ․ շաքարավազ
- 20 գրամ բուսայուղ
- 200 գրամ եռացրած գոլ ջուր
Պատրաստման եղանակը
1. Առանձին թասի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները և էլաստիկ խմոր հունցեք։ Բաժանեք այն 15-20 հավասարաչափ կտորների՝ կախված թավայի չափսերից, որի մեջ որ թխելու եք լավաշը։

2. Կտորները փաթաթեք սննդային թաղանթի մեջ և տաք տեղ դրեք։ 20-25 րոպեից արդեն խմորը կարելի է գրտնակել։

3. Ամեն մի կտորը բարակ լոշիկի նման բացեք, ձեռքերով նորից ձգեք և հնարավորինս փորձեք բարակացնել։ Լոշիկները պետք է հնարավորինս բարակ ստացվեն։

4. Չոր թավան լավ տաքացրեք և լոշիկները երկու կողմից թխեք՝ մի քանի վայրկյան ամեն կողմը։

5. Պատրաստի լոշիկները շարեք մաքուր ամանի մեջ և անմիջապես ջուր ցանեք վրան, որպեսզի չչորանան։ Ծածկեք սննդային թաղանթով։ Բարի ախորժակ։








