Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Սաքսոնիայում։ Տատիկի թաղման ժամանակ յոթնամյա տղան՝ Լուիսը, նամակ է գրել և օդապարիկով երկինք բաց թողել։ Մեկ շաբաթ անց պատասխան նամակ է ստացվել նրանց փոստարկղում։
Այս պատմությունը պատմել է տղայի մայրը՝ Facebook-ում։

Նամակ գրել առաջարկել է թաղման բյուրոյի աշխատակցուհին։ Գաղափարը Լուիսին շատ է դուր եկել։ Նա գնել է ամենագեղեցիկ բացիկը, ջերմ խոսքեր է գրել և նշել է հետադարձ հասցեն։
Պատասխան նամակում, որին ոչ ոք չէր սպասում, շնորհակալական խոսքեր են եղել գեղեցիկ բացիկի համար։ Նաև հանգուցյալ տատիկն իբր գրել է, որ միշտ կպաշտպանի տղային՝ լինելով նրա պահապան հրեշտակը։
Այժմ Լուիսի մայրը փորձում է գտնել այն մարդուն, ով գրել է նամակը, որպեսզի շնորհակալություն հայտնի նրան։







