Մի անգամ դուստրը՝ երիտասարդ կին, մոտենում է հորն ու տխուր ասում. «Հայրիկ, ես հոգնել եմ ամեն ինչից, ես անընդհատ խնդիրներ ունեմ աշխատավայրում և անձնական կյանքում, արդեն ուժ չունեմ… Ինչպե՞ս գլուխ հանեմ այս ամենից»։
Հայրը պատասխանում է. «Արի, ես քեզ ցույց տամ»։
Նա գազօջախին ջրով լի երեք կաթսա է դնում և բերում է գազար, ձու և սուրճ։ Յուրաքանչյուր բաղադրիչն իջեցնում է առանձին կաթսայի մեջ։ Մի քանի րոպե անց նա անջատում է կրակը և հարցնում դստերը. «Ի՞նչ եղավ դրանց հետ»։
«Դե գազարն ու ձուն եփվեցին, իսկ սուրճը լուծվեց»,– պատասխանում է աղջիկը։

«Ճիշտ է»,– ասում է հայրը։ «Բայց եթե ավելի խորը նայենք, ապա կպարզվի, որ գազարը, որն ամուր էր, եռացրած ջրի մեջ փափկել և ենթարկվող է դարձել։ Ձուն, որը փխրուն էր և ջրիկ, պնդացել է։ Արտաքինից նրանք նույնն են մնացել, բայց մեջից փոփոխվել են միևնույն թշնամական միջավայրի՝ եռացրած ջրի ազդեցության տակ։ Հենց այդպես էլ տեղի է ունենում մարդկանց հետ. ուժեղները կարող են թուլանալ, այն դեպքում, երբ թույլերը միայն պնդանում և ուժեղանում են»,– շարունակում է հայրը։
«Իսկ սուրճը՞»,– զարմացած հարցնում է աղջիկը։
«Օ՜, սուրճն ամենահետաքրքիրն է։ Նա լիովին լուծվել է ագրեսիվ միջավայրում և փոխել այն. նա եռացրած ջուրը վերածել է հրաշալի բուրավետ ըմպելիքի։ Կան մարդիկ, որոնց հանգամանքները փոխել չեն կարողանում, նրանք իրենք են փոխում դրանք և վերածում ինչ որ նոր բանի՝ այդ հանգամանքներից օգուտ և գիտելիքներ քաղելով։ Թե ինչպիսին դառնալ բարդ իրավիճակում՝ յուրաքանչյուրի ընտրությունն է»,– եզրափակում է հայրը։



























