Ինչպես տան պայմաններում պանիր պատրաստել

Կար ժամանակ, երբ տնային պայմաններում պանիր և կաթնաշոռ պատրաստելը բավականին հեշտ և սովորական դարձած գործընթաց էր տնային տնտեսուհիների համար։

Նույնը չենք կարող ասել այսօրվա մասին, քանի որ պանիր պատրաստելու համար շատ ժամանակ է հարկավոր, ինչը այժմ գրեթե անհնար է։

Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ տնային պայմաններում պատրաստված պանիրն ավելի համեղ և ամենակարևորը՝ վնասակար նյութերից զերծ է, կարծում ենք, որ կարելի է փորձել։

Պանիր՝ տնային պայմաններում

Այսպիսով, պատրաստման համար անհրաժեշտ է՝

  • Կաթնաշոռ – 1կգ
  • Կարագ – 75 գր
  • Սերուցք կամ թթվասեր – 200գր
  • Ձու – 1 հատ
  • Աղ, չաման

Պատրաստման եղանակը՝

Կաթնաշոռը հարկավոր է լցնել տարայի մեջ, կափարիչով փակել և 3–4 օր թողնել մութ տեղում. 3–4 օր հետո կաթնաշոռը յուրահատուկ համ է ստանում։

Այնուհետև ստացված զանգվածը պետք է մանրացնել մսաղացի միջով, խառնել թթվասերով, չամանով և աղով։

Հաջորդիվ կաթսայի մեջ հարկավոր է լցնել կարագն ու դնել այն գազօջախին, կաթնաշոռը լցնել կաթսայի մեջ և եփել՝ չմոռանալով խառնելու և միատարր զանգված ստանալու մասին։

Ամենավերջում հարկավոր է նաև ավելացնել հարած ձուն և ևս մեկ անգամ խառնել և տաքացնել ստացված զանգվածը։

Պանիրը պատրաստ է, մնում է միայն թողնել, որ այն զովանա։